ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ծառուկյանն էլ չի կասեցնի երթևեկությունը

Ծառուկյանն էլ չի կասեցնի երթևեկությունը
23.09.2014 | 15:48

Քառյակից եռյակի վերածված ոչիշխանական ուժերը հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքին ընդառաջ նախատեսում են անցկացնել հանրահավաքներ Հայաստանի ութ քաղաքներում՝ Աբովյանում, Հրազդանում, Սիսիանում, Կապանում, Արարատում, Իջևանում, Վանաձորում, Գյումրիում: Այս մասին հայտարարել են «Հայ ազգային կոնգրես», «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունները:

ՈՒշագրավն այն է, որ հանրահավաքները մեկնարկում են սեպտեմբերի 25-ին, Աբովյանից, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարազատ քաղաքից: Եվ քանի որ ոչիշխանական ուժերի առաջին հանրահավաքը տեղի է ունենալու հենց Աբովյանում, արժե մի հետադարձ հայացք նետել ոչ վաղ անցյալին:
Գագիկ Ծառուկյանը, որպես Կոտայքի մարզի տեր ու տիրակալ (հումորով չընդունեք), 2003 թվականից սկսած, կասեցնում էր երթևեկությունը ընդդիմության բոլոր հանրահավաքների օրերին: Եվ 2003 թվականից մինչ 2011 թվականի հոկտեմբերյան շուրջօրյա հանրահավաքները ներառյալ, երբ ընդդիմությունն ակտիվ էր և լուրջ խնդիրներ էր ստեղծում իշխանությունների
համար, աբովյանցիները միայն տարատեսակ հնարքների միջոցով էին կարողանում շրջանցել արգելքներն ու հասնել մայրաքաղաք՝ լինի դասի, աշխատանքի, թե հանրահավաքին մասնակցելու: Օրեր են եղել, երբ նույնիսկ օձն իր պորտով կամ ղուշն իր թևով չէին կարող շրջանցել Գագիկ Ծառուկյանի ստեղծած արգելքները: Ավելորդ է հիշելն անգամ, թե ինչպես էին նրա թիկնապահները 2008 թ. ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ հարձակվել ու ընտրատեղամասից դուրս շպրտել հիմնական ընդդիմադիր թեկնածուի՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, չէին խնայել նույնիսկ կանանց (այդ մասին բազմաթիվ հիշատակումներ կան այն ժամանակվա մամուլում): Իսկ ընդդիմության նախընտրական հանդիպումներին մասնակցելը աբովյանցիների համար գրեթե հերոսություն էր համարվում այն ժամանակ:
Հիմա Գագիկ Ծառուկյանը հանդես է գալիս եթե ոչ որպես ընդդիմադիր, ապա ոչիշխանական ուժ անվան ներքո: Եվ այսքանից հետո կարելի է միայն մի բան հուսալ. այս անգամ գոնե նա ոչիշխանական ուժերի հանրահավաքը չի խոչընդոտի:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ